ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»

XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները»
30.06.2015 | 10:40

Հայտնի շատ գիտնականներ համարում են, որ աշխարհի քաղաքական զարգացումը նոր դարում չի հենվելու աշխարհաքաղաքական նորմերին՝ վերահսկողություն տարածքների վրա, ազդեցության գոտիների և ուժի կենտրոնների վերաբաշխման, որ ավանդական աշխարհաքաղաքականությունը, որը շեշտը դնում է պետության ռազմաքաղաքական հզորության և աշխարհագրական գործոնների գերակա դերի վրա, հիմա անհույս հնանում է: Նույնիսկ հաջորդ աստիճանը այդ, այսպես կոչված, «պետության աշխարհագրական բանականության»՝ գեոտնտեսությունը, որը շեշտադրում է երկրի տնտեսական հզորությունը, հետինդուստրիալ հասարակության (հասարակություն, որի տնտեսության մեջ գերակայում է ինովացիոն սեկտորը բարձր արդյունավետություն ունեցող արդյունաբերությամբ, գիտելիքի ինդուստրիայի բազայով) նոր դարաշրջանում հետին պլան կմղվի:
Հիմա գիտական մշակումներն են դառնում տնտեսության և անգամ քաղաքականության գլխավոր շարժիչ ուժը: Որոշ ֆուտուրոլոգներ նույնիսկ համոզված են, որ հետինդուստրիալիզմը նախերգն է՝ երկրային քաղաքակրթության զարգացման նոր՝ «հետմարդկային» փուլին անցնելու: Եթե այդպես է (քաղաքական նոր փոփոխությունների առաջին նշաններն արդեն երևում են աշխարհում կատարվող էներգետիկ հեղափոխությունների շրջանակներում), XXI դարում ուժի կենտրոն կարող են դառնալ «պրոֆեսիոնալների հասարակությունները», որտեղ հիմքը «ինտելեկտուալների դասն» է, իշխանությունը պատկանում է մերիտոկրատիային և նույնիսկ առանձին անհատներին՝ իրենց հայտնագործություններով, պետություններին, որ արագ ու զգայուն արձագանքում են գիտատեխնիկական առաջընթացին:
Հենց այդ ուղղությամբ է շարժվում Էլոն Մասկը՝ «նոր դարի նոր երկաթե մարդը», իր նախագծերով ու աշխարհում դրանց իրականացումով: Մասկի գործունեությունը բազմազան է՝ վճարային համակարգերից և էլեկտրամոբիլներից մինչև տիեզերական հրթիռներ: Նա պատմության մեջ մտավ, երբ իր Space Exploration Technologies (SpaceX) ընկերությունը դարձավ առաջին մասնավոր ընկերությունը, որը տիեզերակայանին միակցեց տիեզերանավը: Նրա մեկ այլ ընկերություն՝ Tesla Motors-ը, նոր ավտոմեքենա թողարկեց՝ Model S՝ առաջին բարձրակարգ սեդան էլեկտրամոբիլը: Վերջերս Tesla-ն հայտարարեց իրադարձության մասին, որի հետևանքները մենք կզգանք առաջիկա հարյուր տարում: Ընկերությունը ներկայացրեց կենցաղային օգտագործման մարտկոց, որ բավական է միացնել արևային, քամու մարտկոցներին կամ տան ցանցին և ստանալ 5-10 ժամի պահուստային էլեկտրաէներգիա տան համար: Ընկերությունը պատրաստվում է այդ տեխնոլոգիաների զանգվածային արտադրության: Մարտկոցների արտադրությունը կսկսվի 2017-ից, իսկ արդեն 2020-ին Tesla-ն պատրաստվում է այնքան արտադրել, որ ցանցին միացված մարտկոցները կարող են ամբողջ մարդկությանը էներգիայով ապահովել 8-10 օր, 2025-ին «էներգաանկախությունը» նվազագույնը 50 օրվա կհասնի: Առանց նույնիսկ արտադրության ծավալները մեծացնելու: Իսկ դա արդեն էներգաօգտագործման 1/7 մասն է: Տեսակետը, որ այդ «գերհայտնագործությունը» իր մասշտաբներով համեմատելի է էլեկտրականության հայտնագործության հետ, արդեն առանձին էնտուզիաստների մասնավոր կարծիք չէ: Երբ Էլոն Մասկը հայտարարեց, որ Տեսլայի կենցաղային նոր մարտկոցների պահանջարկը խելահեղ է, նա չէր չափազանցում: Bloomberg գործակալությունը ստուգել է որոշ թվեր և հաշվել, որ Tesla Motors-ն արդեն ընդունել է 800 միլիոն դոլարի պատվեր: Ածխաջրածնի դարը, ինչպես շատերը կանխագուշակում էին, շատ հնարավոր է, որ ավարտվի նրանց սպառումից առաջ՝ շնորհիվ նվազ թանկ այլընտրանքի ի հայտ գալու: Եվս մեկ, ոչ պակաս կարևոր տեղեկություն Tesla-ից՝ ընկերության կառուցած լիցքավորման Supercharger կայաններում ևս մեկ ինովացիոն տեխնոլոգիա կներդրվի՝ մարտկոցների փոխանակման: Գործընթացը լիովին ավտոմատ է՝ ավտոմեքենան հատուկ պլատֆորմի վրա է կանգնում և 90 վայրկյանում սպառված մարտկոցը փոխարինվում է լրիվ լիցքավորվածով, ու էլեկտրամոբիլը կարող է շարունակել ճանապարհը: Մարտկոցների յուրաքանչյուր փոխարինում Tesla-ի արտադրանքն օգտագործողների վրա ավելի թանկ չի նստի, քան բենզինի լիքը բաքը (մոտավորապես 60 դոլար): Մասկը հիշեցրել է, որ իրենց էլեկտրամոբիլները Tesla-ի սպառողները կարող են լիցքավորել անվճար, որովհետև հիմա ընտրությունը արագի և անվճարի միջև է: Մեծ ճեղքում կարող է բերել և Tesla Motors-ի վերջերս արած հայտարարությունը. «Tesla ընկերությունը անհամբերությամբ նետվում է Չինաստանում նոր բարձունքներ նվաճելու և ձգտում է ընդլայնել իր ազդեցությունն այդ ծայրաստիճան կարևոր շուկայում»:
Խոսքն առայժմ գերմարտկոցների արտադրության մասին չէ, բայց Չինաստանը, ինչպես հայտարարել է Էլոն Մասկը, կարող է դառնալ Tesla-ի էլեկտրամոբիլների սպառման ամենամեծ շուկան՝ հասնելով ու անցնելով ԱՄՆ-ին ամենամյա վաճառքի թվով արդեն հաջորդ տարի: Չինաստանի կառավարությունը ծրագրում է իր ճանապարհներին ունենալ 5 միլիոն էլեկտրամոբիլ արդեն 2020-ին: Բայց այս պահին նրանք էականորեն հետ են մնում ծրագրից՝ լիցքավորման կայանների սակավության և բարձր գնի պատճառով, չնայած չինական հասարակության աճող անհանգստությանը օդի աղտոտվածության մեծացման պատճառով: Փրկությունը, ի դեմս Մասկի, այստեղ միանգամայն անհրաժեշտ կարող է դառնալ:
Չինաստան էլեկտրամոբիլների ներմուծումը Tesla-ն սկսել է 2014-ի ապրիլին, և մեկ տարում վաճառվել է մոտ չորս հազար էլեկտրամոբիլ, որ շատ չէ: «Անհաջողության» պատճառը միայն լիցքավորման կայանների սակավությունը չէ, այլև այն, որ Չինաստանի տարածք էլեկտրամոբիլները բերվում են ԱՄՆ-ից, և դա ընկերությանը հարկադրում է բարձր գին սահմանել: Ներմուծվող տրանսպորտային միջոցները Չինաստանում ենթարկվում են բարձր մաքսատուրքի, որով իշխանությունները խթանում են արտադրությունը երկրի ներսում: Tesla Model S-ը Չինաստանում արժի 120 000 դոլար, որ նկատելի թանկ է ԱՄՆ-ից, թեև Էլոն Մասկը հայտարարել է, որ բոլոր ուժերով ջանացել է գինը հնարավորինս նվազեցնել և ներառել է միայն բուն էլեկտրամոբիլի գինը՝ հավելած տուրքերն ու հարկերը և ճանապարհածախսը: Խնդիրներ կային և ապրանքանիշի վերաբերյալ: Չինացի բիզնեսմեն Չժան Բաոշոնոմը գրանցել է Tesla-ի ապրանքանիշը չինարեն և անգլերեն 2006-ին՝ դեռ մինչև չինական շուկա ավտոարտադրողի մուտքը: Երկար բանակցություններից հետո ամերիկյան ավտոընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ կոնֆլիկտը սպառված է: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, կողմերը պայմանավորվել են առևտրական պայմանների մասին, որով Tesla Motors-ին են անցնում դոմենային անունները, ներառյալ tesla.cn և teslamotors.cn: Ձգձգված վեճի ավարտը, փորձագետների կարծիքով, Tesla-ին թույլ կտա հաղթահարել բոլոր արգելքները չինական շուկա մտնելու ճանապարհին, որը Էլոն Մասկի կարծիքով՝ ամենանշանակալից քայլը կլինի իր ընկերության համար:
Բայց ամենակարևորը Tesla Motors-ի որոշումն է՝ էլեկտրամոբիլների հավաքման գործարան ունենալ Չինաստանում: Արտադրական հզորությունները կգործեն արդեն երեք-չորս տարուց: ՉԺՀ-ում էլեկտրամոբիլների արտադրությունը թույլ կտա վաճառել ավելի ցածր գնով՝ ընկերությունը մաքսատուրքի վրա 25 տոկոս կխնայի: Ճիշտ է՝ իբրև գործընկեր պիտի չինական ընկերություն ունենա, այլապես հարկադրված կլինի բարձր հարկեր վճարել: Չինաստանի տարածքում ինֆրակառույցների ստեղծման համար ընկերությունը մտադիր է մեծ ներդրումներ անել: Ներդրումների ընդհանուր գումարը հարյուր միլիոն դոլար կկազմի: Առաջին մեծ ներդրումային նախագիծը ընկերության լիցքավորող կայանների ստեղծումն է խոշոր քաղաքներում, նախ` Պեկինում ու Շանհայում, ապա՝ մեծ մայրուղիների վրա: Ընկերությունը պատրաստվում է լիցքավորել և այլ ընկերությունների արտադրած էլեկտրամոբիլները: Շուկան գրավելուն կարող է նպաստել և հին էլեկտրամոբիլները նորով փոխարինելու թույլտվությունը: Ընկերությունը պայմանագիր է ստորագրել չինացի դիլերների հետ, որ իրենց գնորդներին կներկայացնեն հին էլեկտրամոբիլները նոր Tesla Model S-ով փոխարինելու հնարավորությունը:
Չինաստանում նորը, սակայն, ոչ միշտ է ծափահարություններով ընդունվում: Վերջերս չինական սոցիալական ցանցերում հայտնվեցին մանրամասն բացատրություններ էլեկտրասնուցիչ կայանների անվտանգության մասին, առայժմ անծանոթ տեխնոլոգիան ընկալում չի գտնում, և անշարժ գույքի կառավարման ընկերությունները վախենում են լիցքավորող կայաններ տեղակայել՝ համարելով հրդեհավտանգ: Նյույորքցի վերլուծաբան Բրայան Ջոնսոնի կարծիքով՝ Tesla-ի ընկերությունները նախ պետք է ստանան դրական արձագանքներ առաջին գնորդներից, որպեսզի հետագայում ձևավորվի բարենպաստ մթնոլորտ տեղեկատվական դաշտում: «Մենք դեռ սպասում ենք մեծ հետաքրքրվածություն Չինաստանում մաքուր տեխնոլոգիաների առաջին կողմնակիցներից, որ գտնվում են տեխնոլոգիական ու ֆինանսական սեկտորների ազդեցության տակ, ինչպես ԱՄՆ-ում, այնուհանդերձ, որոշակի խնդիրներ կառաջանան, երբ էլեկտրամոբիլները ավելի լայն կիրառություն ունենան երկրի էլիտար շուկայում»,- ասում է նա: Ընկերությունը, սակայն, բացի առաջ գնալուց, այլ ճանապարհ չունի: Էլոն Մասկի բնավորությունից դատելով՝ կարելի է չկասկածել, որ նա մինչև վերջ կգնա:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 17659

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ